Անվերջ տանջող մտքեր

Հիշե՞լ, հուզվե՞լ, թե՞ շարունակել ապրել՝ առանց որևիցե բան հիշելու:Մեր հիշողությունն անմոռանալի պահերով լցված մի մեծ պահեստ է,որտեղից անհնար է ջնջել ապրած վայրկյանները…պահերը…մարդկանց:
Կյանքում հաճախ երկինքը խլում է մեզանից ամենաթանկ մարդկանց, ու ստիպված ենք լինում բաժանվել այն մարդկանցից,ովքեր միշտ մեր կողքին են եղել,մենակ չեն թողել, ու առանց նրանց չենք պատկերացրել մեր կյանքը:Կյանքն ինձ էլ է ստիպել զգալ այդ ամենը. ես էլ եմ կորցրել մի շատ թանկ մարդու, ով մեծ տեղ է զբաղեցրել իմ կյանքում ու շատ կարևոր է եղել ինձ համար: Ու ամենացավալին այն է,որ իր կարևորության մասին երբեք չեմ ասել նրան ու հիմա այնքան կուզենայի ետ տալ ժամանակը և շնորհակալություն հայտնել ամեն ինչի համար,ասել այն ամենը,ինչ չեմ հասցրել:
Ամեն անգամ,գլուխս բարձին դնելով,հիշում եմ քեզ հետ անցկացրած օրերը: Անհնար է այդ ամենը մոռանալ: Չեմ կարողանում հավատալ, որ դու այլևս մեր կողքին չես, չեմ համակերպվում այդ մտքի հետ:Կարոտում եմ քեզ, կարոտում եմ միասին անցկացրած պահերին,կարոտում եմ քո այն գեղեցիկ ու բարի ժպիտին, որի մեջ այնքան բան կար թաքնված, որ չէի կարողանում բացահայտել: Մեծ ցավ եմ ապրել քեզ կորցնելուց, ու մինչև հիմա էլ ցավս չի մեղմացել:
Ճիշտ է,կողքիս չես, բայց իմ սրտում ես, վստահ եմ՝ տեսնում ու լսում ես ինձ, ու այնպիսի զգացողություն է, որ դու ինձ ուժ ես տալիս, օգնում ես շարժվել առաջ,  և ես հավատում եմ, որ երկնքից նայելով՝ հպարտանում ես ինձնով, իմ սիրելի՛ պապիկ: